Ֆրիտ Ֆլակ
Ֆրիտ Ֆլակ ֆր.՝ Frritt-Flacc | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1884 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Հաջորդ | Ռոբուր նվաճողը |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակված է | Վիճակախաղի տոմս № 9672 |
Հրատարակման տարեթիվ | 1886 |
Frritt-Flacc Վիքիպահեստում |
Ֆրրիտ Ֆլակ (ֆր. Frritt-Flacc), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի սարսափ պատմվածքը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1884 թվականին։ Պատմվածքի առաջին հրատարակությունը, որը բաղկացած էր 7 գլուխներից, կայացել է 1884 թվականի դեկտեմբերին Փարիզի «Le Figaro illustré» թերթում։ 1885 թվականի հուլիսի 10-ին հեղինակը ընթերցում էր իր պատմվածքը Ամյենի համալսարանում։ 1886 թվականի նոյեմբերի 4-ին, որոշ փոփոխությունների ենթարկված պատմվածքը, տպագրվում է «Վիճակախաղի տոմս № 9672» վեպի առաջին հրատարակության հետ միասին միևնույն հատորում։ 1886 թվականի նոյեմբերի 11-ին պատմվածքը՝ «Վիճակախաղի տոմս № 9672» և «Ռոբուր նվաճողը» վեպերի հետ միասին, հրատարակվում է «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քսանմեկերորդ «երկակի» հատորում։ Պատմվածքը պարունակում էր Ժորժ Ռուի երեք նկարազարդումներ։ Այնուհետև պատմվածքը նորից մշակվում է հեղինակի կողմից և 1886 թվականի դեկտեմբերին պատմվածքի վերջնական տարբերակը հրատարակվում է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ, մտացածին Լուկտոպ ափամերձ քաղաքում, ապրում է բժիշկ Տրիֆուլգասը։ Նա հարուստ է և աշխատում է միայն հարուստների համար։ Նրա տան դռները փակ են աղքատների համար և միշտ բացվում են հարուստ հաճախորդների առջև, որոնք ի վիճակի են վճարել բժշկի մատուցած ծառայությունների դիմաց, քանի որ բժշկի համար կարևոր նշանակություն ունի միայն դրամը։
Մի անձրևոտ և փոթորկալից գիշեր լսվում է Տրիֆուլգասի տան դռան թակոցը։ Բժիշկը չկամենալով բացում է դուռը և դռան առջև տեսնում է մի աղջկա։ Նա աղքատ ձկնորս Վորտ Կարդիֆի դուստրն է։ Նրա հայրը մահամերձ է և աղջիկը եկել է խնդրելու բժշկի բարի ծառայությունները։ Սակայն աղջիկը գումար չունի և բժիշկը մերժում է նրան և գնում է շարունակելու իր քունը։
Որոշ ժամանակ անց նորից լսվում է դռան թակոցի ձայնը։ Այս անգամ դռան առջև կանգնած է մահամերձ ձկնորսի կինը։ Նա ունի որոշ խնայողություններ, սակայն բժիշկը դա համարում է անբավարար գումար և նորից մերժում է։ Նա կրկին վերադառնում է անկողին։
Փոթորիկը ավելի է ուժգնանում։ Նորից ինչ-որ մեկը թակում է բժիշկ Տրիֆուլգասի դուռը։ Այս անգամ բժշկի դռան առջև կանգնած է մահամերձ ձկնորսի մայրը։ Ձկնորսը կաթվածահար է եղել և անհրաժեշտ է բժշկի շտապ միջամտությունը։ Ձկնորսի մայրը վաճառել է տունը և ունի բավականին գումար, որպեսզի կարողանա վճարել բժշկին՝ նրա մատուցած ծառայությունների դիմաց։ Բժիշկը դժվարությամբ համաձայնում է և բռնում ձկնորսի տան ճանապարհը։
Ճանապարհին ձկնորսի մայրը անհետանում է, սակայն բժիշկը գիտի հասցեն և շարունակում է ճանապարհը։ Ժամանելով ըստ հասցեի, բժիշկը ճանաչում է իր սեփական տունը։ Նա մտնում է սենյակ, որտեղ պառկած է մահամերձ ձկնորսը։ Դա իր՝ բժշկի սենյակն է։ Նա մոտենում է մահամերձի անկողնուն։ Դա իր անկողինն է։ Նա դողացող ձեռքերով բացում է անկողնու վարագույրը։ Այնտեղ պառկած է ձկնորսը, որը անշարժ է և դեմքը ծածկված չէ։ Բժիշկ Տրիֆուլգասը խոնարհվում է ձկնորսի վրա և լսվում է մի ճիչ։ Բժիշկը ճանաչում է ինքն իրեն։ Նա հասկանում է, որ դա ինքն է անկողնում պառկած մարտնչում մահվան դեմ։
Բժիշկը փորձում է ամեն կերպ օգնել հիվանդին, սակայն այդ ամենը արդյունք չի տալիս։ Հիվանդը մահանում է։ Բժիշկ Տրիֆուլգասը մահանում է ինքն իր ձեռքերի վրա։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը բաղկացած է յոթ գլուխներից[1]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բժիշկ Տրիֆուլգաս
- Ձկնորս Վորտ Կարդիֆ
- Վորտ Կարդիֆի դուստրը
- Վորտ Կարդիֆի կինը
- Վորտ Կարդիֆի մայրը
- Էդզինգով
- Հուրզոֆ՝ Տրիֆուլգասի շունը
Նմանություն ուրիշ ստեղծագործությունների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը հիշեցնում է Չարլզ Դիքքենսի «Ամանորյա երգ» պատմվածքը, որը հրատարակվել է 1843 թվականին։ Երկուսում էլ հերոսը շահագրգռված է միայն դրամական կողմով, սրտում կարեկցության համար տեղ չկա։ Երկու հերոսներին էր գիշերվա ընթացքում այցելում են երեք արարած (անցյալի, ներկայի և ապագայի հոգիները Սկրուդջի համար և ձկնորսի աղջիկը, կինը և մայրը Տրիֆուլգասի համար),որոնք առաջարկում են փոխել կենցաղը։ Վերջապես երկուսն էլ բախվում են իրենց սեփական մահվան հետ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրիտ Ֆլակ կատեգորիայում։ |
- «Ֆրրիտ Ֆլակ»-ը Ֆանտաստիկայի Լաբորատորիայում
- «Ֆրրիտ Ֆլակ»-ը Bookmate.com-ում
- Ժորժ Ռուի նկարազարդումները (1886) Արխիվացված 2020-01-28 Wayback Machine
- "Ֆրրիտ Ֆլակ" Արխիվացված 2014-08-19 Wayback Machine հասանելի է Ժյուլ Վեռնի հավաքածուում Արխիվացված 2005-04-15 Wayback Machine ֆր.